Главная » 2011 » Октябрь » 31 » Գոթերի,սատանիստների և էմոների մասին
20:55
Գոթերի,սատանիստների և էմոների մասին
էմոներն ատում են իրենք իրենց, գոթերը` ողջ աշխարհը, սատանիստները` Աստծուն

Երիտասարդական սուբկուլտուրաները ըմբոստության ձև են, դրանք կոչ են ընդդեմ հասարակության մեջ ընդունված սոցիալական ու բարոյական նորմերին: Դրանք ոչ ֆորմալ հասարակության մասն են: Ավելի վաղ սուբկլուտուրաների` հիպպիների ու պանկերի, մետալիստների մասին ավելի ուշ: Հիմա` էմոներ, գոթեր ու սատանիստներ, ու ինչպիսի՞ն են նրանք Հայսատանում:

Սկզբում`մի քիչ «Վիքիպեդական» չոր ակադեմիական ծանոթություն:

Էմոն( emo: լատ. emotional — էմոցիոնալ) երիտասարդական սուբկուլտուրա է, որը կազմավորվել է նույն անունը կրող երաժշտական ոճի երկրպագուների մեջ, նրանց անվանում են էմո-քիդ(երեխա, դեռահաս), էմո-բոյ(տղա) և էմո-գըրլ(աղջիկ):

Էմոցիաների, զգացմունքների վառ արտահայտումը էմոների գլխավոր օրենքն է: Էմոները տարբերվում են ինքաարտահայտմամբ, դեմ են անարդարությանը, ունեն յուրահատուկ աշխարհընկալում: Նրանք շատ խոցելի են ու շուտ ընկճախտի մեջ են ընկնում:

Էմո-քորը` էմոների երաժշտությունը, ծագել ու զարգացել է որպես պանկ-ռոքի ուղղություն, և չնայած դրան, այդ երկու սուբկուլտուրաները շատ տարբեր են: Դասական պանկերից նրանց տարբերում է ռոմանտիզմն ու վեհ սիրո հիվանդագին շեշտադրումը: Էմոների ուշադրությունը հաճախ ուղղված է դեպի անձնական հուզական դաշտը, նրանց չեն հետաքրքրում հասարակական իրադարձությունները:

Էմոները հագնում են սև ու վարդագույն հագուստ, կրում են զանազան նշաններ իրենց վրա, թիթեռնիկներ մազերին և ամենուր: Արվեստը` հիմնականում էմո-անիմացիան է:

Էմոներն ու գոթերը որպես սուբկուլտուրաներ հաճախ են համեմատվում, որից վիրավորում են և գոթերը, և էմոները: Օրինակ, էմոներն ավելի են հակված ինքասպանության, քան գոթերը: Գոթերն ավելի բանական են:

Կարճ ասած` էմոներն ատում են իրենք իրենց, գոթերը` ողջ աշխարհը:

Անցնենք գոթերին: Գոթերը ևս 70-ականների փոսթ-պանկի ալիքի վրա ծնված երիտասարդական սուբկուլտուրայի ներկայացուցիչներ են: Գոթական սուբկուլտուրան շատ բազմազան է, բայց բոլորն էլ ունեն միևնույն բնորոշ գծերը` յուրահատուկ մռայլ ոճ, նաև հետաքրքրություն գոթական երաժշտության, սարսափ-գրականության ու սարսափ-ֆիլմերի նկատմամբ:

Գոթերի ոճական էլեմենտներն են` սև գույնը, բնորոշ գրիմն ու գոթական սուբկուլտուրայի մետաղյա զարդերի կրումը(անկհ`անմահության հին եգիպտական խորհրդանիշ, գանգեր, խաչեր, ուղիղ և շրջած պոնտագրամմաներ, չղջիկներ):

Սատանիզմը նույնպես համարվում է սուբկուլտուրա (ԼաՎեյ), ունի բազմահազար հետևորդներ աշխարհում, բայց այն որոշ երկրներում նաև Սատանայի Եկեղեցու պաշտոնապես գրանցված կրոնն է, որի հիմքը դրել է Անտոն Շանդոր Լավեյը:

Սատանիզմի մեջ սատանան ընկալվում է որպես աշխարհընկալման դրական սիմվոլ, ազատության, ինքնազարգացման և այսպես ասած, բանական էգոիզմի սիմվոլ: Ըստ ԼաՎեյի` «Սատանան միայն սիմվոլ է, ուրիշ ոչինչ: Սատանան նշանավորում է մեր սերը դեպի ամեն երկրայինն ու ժխտում է խաչին խաչված Քրիստոսի դալուկ կերպարը»: Սատանիստները յուրահատուկ վերաբերմունք ունեն 666 և 13 թվերի նկատմամբ, դրանք նրանց համար հաջողակ թվեր են: Սիմվոլը` պենտագրամման է, կենտրոնում Բաֆոմետի` Դեմոնի պատկերով: Սատանիստներին հարող երիտասարդությունը գերադասում է սև հագուստ և կրում է իր վրա սիմվոլիկան: Որպես սուբկուլտուրա և գոթերը և սատանիստները արտահայտություն են գտել բավական ծանր` մետալիստական երաժշտության մեջ` բլեք-մետալ(սև), հէվի-մետալ(ծանր), դեդ-մետալ(մահ):

Հիմա անցենք մեր «տեղական» էմոներին, գոթերին ու սատանիստներին:

Հայաստանյան էմոները մեծամասամբ էպոտաժային`միայն ինչ-որ բանով տարբերվող էմոներ են, հիմնականում անցումային տարիքի դեռահասներ: Իրականում նրանք ունեն սուբկուլտուրայի միայն արտաքին ատրիբուտները, լսում են էմո երաժշտություն, հագնվում համապատասխան, լացում են պատեհ-անպատեհ: Պատահում են նաև տարիքով քիչ մեծերը, հիմնականում «էմոյությունն» ավարտվում են բուհական տարիների սկզբնական կուրսերում, աղջիկները շուտ են ամուսնանում` գտնելով իրենց երազած վեհ սերը: Եղել են մի քանի անձնական անհաջողություններից ինքնասպան եղած էմոներ, օրինակ` բուհ չընդունվելը կամ 14 տարեկան աղջնակի տղայի կողմից չընդունված սերը ցած է նետել նրանց բարձր տեղից: Էմոները խոսել չուզեցին:

Խոսեցի մի աղջկա` պայմանական` Աննայի հետ, որը գոթից դարձել էր սատանիստ, ու էդ սուբկուլտուրաներից 24 տարեկան հասակում` իրեն պահել միայն սուբկուլտուրաների արվեստն ու երաժշտությունը: Ավարտել է համալսարանն ու աշխատում է մասնագիտությամբ, ամուսնացած է:

- Ինչո՞վ են էմոները, գոթերն ու սատանիստները նման ու ինչով` տարբեր: Պատմիր սատանիզմի քո ընկալման մասին։

- Երաժշտությունն ա նման` էմոներինը թեթև ռոք, գոթերինը մի քիչ ավելի ծանր, սատանիստներինը` շատ ծանր` մետալ: Ես դեմ եմ,, ընդհանրապես, սուբկուլտուրաներին: Եղել եմ գոթ, հետո սատանիստ, բայց էն, ինչ ես եմ քաղել դրանցից, ոչ բոլորն են քաղել: Սատանիզմը շատ անհատական աշխարհահայցք ա, ամեն մեկի մոտ իր տեսքն ա ընդունում: Սատանայի հետ կապ ունի էնքանով, որ անունն ա ճչացող, անունն ա «հակա», այսինքն Աստված-Արարիչը ժխտող, «Աստվածը ես եմ» աֆորիզմն ա հիմքում: Սատանիզմն ունի երեք ստադիա: Առաջին`երբ մարդը դեմ ա կրոններին ու դրանով իսկ սատանիստ ա: Երկրորդ`փիլիսոփա-սատանիստ, նա ծանոթ ա սատանիզմի երկու ուղղություններին ու համաձայն ա դրանց հետ, դա դառնում ա աշխարհայացք ու ամեն ինչ անցնում ա էդ պրիզմայի միջով` դա սատանիստ-փիլիսոփան ա:Երրորդ` ակկուլտիստական արարողակարգերին անցած մարդը, որի համար սատանիզմն արդեն դառնում ա կրոն:

- Իսկ էդ զոհաբերությունների մասին պատմությունները, դրանք ճի՞շտ են:

- Սատանիստը երբեք էդպիսի բաներ չի անում, դա սատանայապաշտներն են անում Սատանիստը դոգմատ չի: Սատանիզմի ԼաՎեյի պատվիրանների մեջ նշված ա, որ ոչ մեկին վնաս չպատճառեն: Նա միայն ասում, ա որ Աստված չկա: Ոչ մի վնաս չկա սատանիստներից: ԼաՎեյն, ընդհանրապես, սնվել ա Նիցշեից, էլի ոմանցից ու ստեղծել ա կրոն` սատանայի եկեղեցին:

- Հիմա դու ո՞ր ստադիայում ես:

- Ոչ մի: Մի ժամանակ, որ սատանիստ էի, հասել էի երրորդ ստադիային: Արարողակարգերի էի մասնակցում, իրար արյուն էինք խմում, դե, 16 տարեկան էի:

- Իսկ գոթիկան, ի՞նչ կասես գոթիկայի մասին:

- Մարդ, որը Տերյան ա սիրում, արդեն գոթ ա: Գոթիկան Դա հոգեվիճակ ա: Նաև հագուստը, ատրիբուտիկան, սիմվոլիկան, երաժշտությունը գոթիկ-մետալ, պոստ-պանկ, գոթիկ-մետալ և այլն: Նրանք սև են հագնվում, ուժեղ քսում են աչքերը, տեսքից մռայլ են, բայց հիմնականում բարի ու լավ մարդիկ են:

- Էմոներին չկարողացա խոսցնել, նազուտուզ էին անում, գուցե՞ նրանց մասին էլ պատմես:

- Էմոն դա մարդ ա, որին շատ հեշտ կարելի ա լացացնել, կարճ սենց կասեմ: Հիմնականում 13-16 տարեկան են, կան մեծերը, որոնք ոնց որ մանկություն ունեցած չլինեն, անընդհատ ձգտում են երեխա երևալ, լինել, զգալ: Ինձ համար էմոները դեգրադացված մարդիկ են: Ես էլ եմ ուզում ու երբեմն էլ զգում եմ ինձ երեխա, բայց ես փոռիկներով վարդագույն շորեր չեմ հագնում ու տիկնիկով չեմ խաղում: Ինքնասպանություն էլ նույնիսկ գործում են կյանքից կոտրվելով ու աշխարհից նեղանալով, ոչ թե գաղափարապես: Մենք բոլորս էլ էմո եղել ենք, երեխա ժամանակ, երբ մեզ նեղացնում էին` լացում էինք: Բայց մենք մեծացանք ու էլ ամեն առիթով չենք լացում, իսկ էմոները շարունակում են լացել:

- Էմոն կարո՞ղ է դառնալ գոթ, հետո սատանիստ, ես էդ սուբկուլտուրաները մի ալիքի վրա եմ ընկալում:

- Կարա էդպես բան լինի, բայց շատ հազվադեպ, դա բնականոն աճ չի: էմոներն ատում են գոթերին` փոխադարձաբար, գոթերը` սատանիստներին: Բայց գոթը կարա դառնա սատանիստ, հնարավոր ա: Գոթը կարա մեծ լինի, անպայման չի, որ նա լինի դեռահաս, կամ շատ ջահել: Իսկ էմոն անպայման միշտ մնում ա երեխա, եթե ժամանակին չի ամուսնանում: Տղաների էմոյությունը հիմնականում բանակում ա վերջանում: Ավելի շատ են աղջիկ-էմոները:

- Ի՞նչ կասես մարդկանց, որոնք սատանիստներից ու սուբկուլտուրաներից վախենում են, ինչպես սատանայից: Եվ, ինչպես շեշտեցիր զրույցի սկզբում, ի՞նչ դասեր քաղեցիր:

- Սատանայապաշտները երբեք ոչ հագուստով, ոչ որևէ այլ ձևով չեն տարբերվում սովորական մարդկանցից, ու իրականում կարող են լինեն սատանայապաշտ, թաքուն անեն իրենց զոհաբերությունները, ու անում էլ են, և ոչ ոք դրա մասին կարա չիմանա: Նրանք երբեք չեն ասի, որ սատանայապաշտ են: Իսկ սատանիստները կարան սև հագնեն, ԼաՎեյ պաշտեն, բայց նրանցից վտանգ չկա, քրիստոնյաներն իրենց ինկվիզիցիայով ավելի շատ վնաս են հասցրել մարդկությանը, քան սատանիստները` պենտագրամմա ու 666 թիվ սիրելով: Ուղղակի ցանկացած սուբկուլտուրա դա օտարացում ա առողջ հասարակությունից, միակ լավ բանը դա նրանց արվեստն ա` գրականությունը, կերպարվեստն ու երաժշտությունը:

Просмотров: 4085 | Добавил: EMILMARGARYAN | Рейтинг: 2.8/5
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: