Главная » 2011 » Октябрь » 30 » Նրանց կոչում են «էմո»
13:50
Նրանց կոչում են «էմո»
Հայաստանում այսօր 12-18 տարեկան 50-60 «էմո» պարմանիներ ու պարմանուհիներ կան

Հավանաբար, հանդիպել եք մուգ ներկած աչքերով, մի աչքը ծածկող թեք մազափնջով, երկար եղունգներով, մարմինը պիրկ գրկած սև ու վարդագույն զգեստներով տարօրինակ պատանիների ու աղջիկների, որոնք քայլելով մեր քաղաքի փողոցներով' սովորաբար արժանանում են պատահական անցորդների «հաճոյախոսություններին» կամ, լավագույն դեպքում, լուռ կշտամբանքին: Նրանց կոչում են «էմո»: Այս բառը համեմատաբար վերջերս է հայտնվել մեր բառապաշարում և հաճախ օգտագործվում է որպես խարան: «Էմոներն» էլ դիտարկվում են իբրև հասարակության թափոններ' առանց խորապես ուսումնասիրելու' ովքեր են և ինչ են ուզում կյանքից:

«Էմո» բառն առաջացել է «էմոցիոնալ» (զգացմունքային) բառից: Այն ավելի շուտ երաժշտություն է, քան կենսաոճ: Ռոքի ուղղություն, որ հիմնադրել է ամերիկյան «Ռայթս օֆ Սփրինգ» խումբը անցյալ դարի 80-ականներին: «Էմոն» պահպանում էր ավանդական «Փանք» ռոքի երանգները, սակայն երգերի թեմաները խիստ անձնականացված էին ու վերաբերում էին կյանքի, սիրո, մահվան փիլիսոփայությանը:

Առաջին էմոները, ովքեր իրենց «իրական էմոներ» են համարում, բուսակեր էին, ալկոհոլ և թմրանյութեր չէին օգտագործում ու չէին ծխում: Հագնում են միմիայն վանդակավոր շորեր: Այսօր արդեն միլիոնավոր երիտասարդներ ամբողջ աշխարհում հետևում են իրենց ռոք կուռքերին' Տոկիո Հոթելին, Ավրիլ Լավինին, Գրին Դեյին ու ամեն ինչում փորձում են նմանակել նրանց:

Ժամանակակից էմոները զգալիորեն տարբերվում են «իրական էմոներից»: Նրանք 12-18 տարեկան էքսցենտրիկ երիտասարդներ են' «էմո փոքրիկներ», որոնք առանձնանում են բարձր հուզականությամբ և հասարակական կարծիքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքով: Պիրսինգը նրանց մարմնի անբաժանելի մասն է, ինչը գալիս է ապացուցելու, որ նրանք չեն վախենում ոչ ցավից, ոչ մահից: Նրանք հիմնականում երկսեռական են, ողջունում են ինքնասպանության գաղափարը, իսկ երակներ կտրելը նրանց մոտ «ավանդույթ» է դարձել:

Պաշտոնական վիճակագրությունն առայժմ լռում է էմոների ինքնասպանության դեպքերի մասին, բայց դրանք այլևս իրականություն են: Օրինակ, վերջերս Նոր Նորքի 1-ին զանգվածում ինքնասպան էր եղել 15-ամյա մի աղջիկ, ով ընկերուհիների հավաստմամբ էմո էր:

Առաջին էմոները մեզ մոտ հայտնվեցին 2007-ին: Եթե սկզբնական շրջանում հայ էմոներին կարելի էր մատերի վրա հաշվել, ապա այսօր ոչ պաշտոնական տվյալներով նրանց թիվը 50-60 հոգու է հասնում: Էմոներ կան ոչ միայն Երևանում, այլև մարզերում' Վանաձորում' 4-5 հոգի, Գյումրիում' 2 հոգի, Դիլիջանում' 2-3 հոգի: Նրանք սովորաբար հավաքվում են աչքից հեռու վայրերում' երկաթուղային կայարաններում, լքված բնակարաններում: Երբեմն նրանց մեծ խմբերով շրջելիս կարելի է հանդիպել նաև Կասկադում, Կոմայգում և Կարապի լճի շրջակայքում:

Բոլոր հայ Էմոները միմյանց ճանաչում են: Հակառակ իրենց արտասահմանյան ընկերների, հայ Էմոների կարծիքով բացարձակապես պարտադիր չէ վառ հագնվել: Էմո կարելի է լինել նաև ներքուստ: Իրենց էմո համարող հայ պատանիներն ու աղջիկները հաճախ ծանոթ չեն էմո մշակույթին: Նրանցից շատերն աթեիստներ են, ոմանք սատանիստներ, մի մասը հավատարիմ է մնում Առաքելական եկեղեցուն: Հայ էմոների ճնշող մեծամասնությունն աղջիկներ են, որոնք ոչ միշտ են պահպանում էմոյական ավանդույթները:

19-ամյա Արգամը Երևանում բացահայտ շրջող եզակի էմո տղաներից է ու, թերևս, միակը, ով իրեն թույլ է տալիս այդքան «էքստրավագանտ» հագնվել: «էմոն հոգեվիճակ է, որով ապրում եմ: Ես միշտ եմ այսպիսին եղել, բայց ինձ էմո սկսել եմ համարել 2007թ-ից», - ասում է Արգամը: Նրա խոսքով' հասարակությունն իրեն չի ընդունում: Նրան ամեն քայլափոխի ծեծում են, նվաստացնում: Չի կարողանում ազատ օգտվել հասարարակական տրանսպորտից, դժվարությամբ է մարդաշատ վայրեր այցելում: Զբոսնելու դուրս է գալիս միայն գիշերային ժամերին, երբ փողոցները քիչ թե շատ դատարկ են լինում: Եթե մի քանի տարի առաջ այս ամենը նրան կարող էր դուր գալ, ապա հիմա ուղղակի անտանելի է: «Հասարակությունն ինձ ամեն օր է ցույց տալիս, որ ես նրանում տեղ չունեմ»,- խոստովանում է էմո պատանին:

Ամենօրյա սթրեսների պատճառով դեպրեսիաներն էմոների մոտ սովորական երևույթ են: Հետևանքը լինում են ինքնասպանության փորձերը: «Գնալով նկատում եմ, որ ավելի եմ պարփակվում ինքս իմ մեջ: Եթե առաջ ամենուր նոր շփումներ էի փնտրում, ապա այժմ ընկերներիցս մի տեսակ օտարացել եմ»,- ասում է Արգամը:

Իրավիճակի հիմնական պատճառը հայ էմոների անգրագիտությունն է: Նրանք իրենց էմո են անվանում' նույնիսկ ծանոթ չլինելով էմո մշակույթի հիմնական ավանդույթներին: Մինիմալիստական մտածելակերպով այդ պատանիներն ու աղջիկները բավարարվում են ընդամենը վառ հագուստով և իրենց մարմինը խոշտանգելով: Այնինչ, իրական էմո մտածելակերպը չափազանց խորն է: «Էմո»-ն ազատ մտածելակերպի դրսևորում է, իսկ այն, ինչ մենք առօրյայում տեսնում ենք, ընդամենը ցածրորակ նմանակում է կամ այլընտրանքային նորաձևության վատ ցուցադրություն:

Ի դեպ, այլախոհության նմանօրինակ դրսևորումները մեզանում ամենևին էլ նորություն չեն: Ավագ սերնդին քաջ հայտնի հիպիական շարժումը մեր երկրում արմատավորվեց իր համար պարարտ հողի բացակայության պայմաններում, և նույնիսկ համայնավարական ԽՍՀՄ-ի երկաթյա վարագույրը չկարողացավ խոչընդոտել դրա տարածմանը: Մի տարբերությամբ միայն' հիպիները հստակ գիտեին' ինչ են ուզում և ինչ պետք է անել իրենց ուզածին հասնելու համար: Մի բան, որ չի կարելի ասել էմոների մասին, որոնք այսպես շարունակելու դեպքում դեռ երկար ստիպված կլինեն թաքնվել և համակերպվել նվաստի կարգավիճակին:

Մեր հասարակությունն էլ իր վերաբերմունքով ցույց է տալիս, որ այլախոհության համար տեղ չունի: Մեր կիսագավառական մտածողությունը դեռևս պատրաստ չէ փոփոխությունների և Թաթուլին ու սպիտակցի Հայկոյին Տոկիո Հոթելով փոխարինելու բացարձակապես ցանկություն չունի:

Просмотров: 1690 | Добавил: EMILMARGARYAN | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 4
2 SEDUL  
0
ETE KARAS ELI GRI ELI

4 EMILMARGARYAN  
0
eeeeee mera emoneri masin grelov 2 post arden sarqel em

1 --------------------  
0
SHAT LAVNA EMIL JAN

3 EMILMARGARYAN  
0
mersi smile

Имя *:
Email *:
Код *: